ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լեռնային գյուղերի պահպանումը Հայաստանի անվտանգության խնդիրն է

Լեռնային գյուղերի պահպանումը Հայաստանի անվտանգության խնդիրն է
13.02.2009 | 00:00

ՀԻՄՆԱՀԱՐՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՊՀ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ

Կոլխոզ-սովխոզային ժամանակաշրջանի վերջին մոհիկանները վկայում են, որ գյուղերի և գյուղապետարանների (գյուղսովետների) խոշորացումից-ապախոշորացումից հետո մեր գյուղատնտեսությունն այլևս ուշքի չեկավ: Դա է վկայում նաև վիճակագրությունը: Իսկապես, համայնատիրական կարգի գոյության վերջին 2-3 տասնամյակների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման տեմպերը, միջին հնգամյա ցուցանիշները նվազեցին 5-10%-ից մինչև 5-0,5%: Այլ խոսքով, հանրային գյուղատնտեսությունն այդ տարիներին դոփում էր տեղում, ինչը և ավարտվեց համայնավարական ագրարային կարգի տխուր և համատարած փլուզումով:
Ինչպես վկայում է տնտեսագիտական-վիճակագրական վերլուծությունը, Հայաստանի գյուղերը խոշորագույնն են ամբողջ ԱՊՀ-ի տարածքում: ՀՀ-ի մեկ գյուղի բնակչության միջին թիվը մոտ 1500 մարդ է, որը 2,5 անգամ գերազանցում է ԱՊՀ-ի միջին ցուցանիշները: Համեմատության համար նշենք նաև, որ Վրաստանում գրեթե նույն ցուցանիշներն են, ըստ որում, այստեղ առկա են լեռնային բնակավայրերի հիմնախնդիրներ: Ինչո՞ւ մեր հարևանները չեն խոսում գյուղերի խոշորացման մասին: Երևի դեռ չե՞ն հասկանում, որ դա լավ բան է:
Հիշեցնենք ընթերցողին, որ խոշոր տնտեսությունների առավելության մասին «դասական» մարքսիստական տեսությունը վաղուց արդեն մերժվել-հերքվել է կյանքի և գիտության կողմից` որպես հակագիտական մոլորություն: Ասվածը վերաբերում է նաև խոշոր տնտեսությունների կառավարմանը. նման խոշոր և գերխոշոր տնտեսությունների կառավարումն անհամեմատ ավելի բարդ է և ցածրարդյունավետ: Եթե գյուղերի և գյուղապետարանների խոշորացման հեղինակները հակառակ կարծիքի են, ապա, ինչպես ասում են, ավելի վատ իրենց համար: Սակայն նման ծրագրերը նրանց հեղինակներին վնաս չեն բերում: Ավելին, նույնիսկ օգուտ կարող են բերել, երբ դրանք ֆինանսավորվում են Արևմուտքի տարբեր կառույցների դրամաշնորհներից: Եվ ինչ փույթ, որ դրանք ավերիչ են մեր տնտեսության համար: Իսկ Արևմուտքը, որտեղից կարող են հնչել նման հորդորներ, և որի հետ փորձում են համեմատել մեր երկիրը, այս հարցում ունի խիստ հակասական փորձ: Հատկանշական է, որ իրենց իսկ` եվրոպացիների խոստովանությամբ, այնտեղ, ուր դիմել են համայնքների համատարած և արագ խոշորացման, գյուղացիությանը որպես դասակարգ գրեթե կորցրել են և լուրջ սպառնալիքներ են ստեղծել սեփական երկրի համար: Եվ հակառակը, գյուղացիությունը և գյուղատնտեսության մրցունակությունը պահպանվել են այն երկրներում, որոնք ավելի հավասարակշիռ մոտեցում որդեգրեցին այս հարցում: Գերմանիայում, օրինակ, այս գործընթացը տևեց 10 տարի` 1965-1975 թթ., իսկ Շվեդիայում նույն գործընթացի համար պահանջվեց 48 տարի` 1951 թվականից սկսած մինչև 1999 թվականը: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի երկրներին, ապա մեկ համայնքի բնակչության միջին թիվը Չեխիայում 1680 մարդ է, Սլովակիայում՝ 1846, Հունգարիայում՝ 3290, մեր երկրի գյուղական համայնքներում՝ 1443: Հազարից պակաս բնակչություն ունեցող համայնքներն այս երկրներում համապատասխանաբար կազմում են ամբողջի 79,8%-ը, 68,5%-ը, 52, 6%-ը, մեր երկրում` 52,5%-ը:
Հայաստանում, ինչպես հայտնի է, համայնքները միմյանցից խիստ տարբերվում են բնակչության թվով: Միջին հաշվով մեկ համայնքում բնակվում է 4084 մարդ, առանց Երևան քաղաքի՝ 2777, իսկ միայն գյուղական համայնքներում՝ 1443 մարդ: Ընդ որում, կա մինչև 200 բնակիչ ունեցող 96 համայնք, 201-ից 500 բնակիչ ունեցող՝ 176, 501-ից 1000 բնակիչ ունեցող՝ 185, 1001-ից 3000 բնակիչ ունեցող՝ 318, 3001-ից բարձր բնակիչ ունեցող՝ 96 գյուղական համայնք:
Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի 871 գյուղական համայնք, որոնցից 700-ը` լեռնային շրջաններում, դրանց զգալի մասը բարձրլեռնային և սահմանամերձ գյուղեր են, և յուրաքանչյուրի ամրապնդումն ունի կենսական, ավելի ճիշտ` ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար: Մինչդեռ, եթե առաջնորդվենք գյուղերի և գյուղապետարանների խոշորացման ծրագրով, նշված 700 գյուղերից «իշխանազուրկ» կդառնա շուրջ 500 գյուղ: Դա է վկայում 20-րդ դարի խոշորացումների դառը փորձը: Ո՞վ կարող է հաշտվել նման հեռանկարի հետ, չէ՞ որ այդ գյուղերն աստիճանաբար կլքվեն (պատճառներն արդեն ներկայացվել են մեր կողմից) և կդատարկվեն ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում:
Ո՞վ կարող է ավելի լավ ծառայություն մատուցել մեր չորս բոլորը խրամատավորված հակառակորդներին:
Մի՞թե խոշորացման ծրագրի հեղինակներն ապրում են ինչ-որ վիրտուալ-երևակայական, շվեյցարանման մի երկրում և ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, որն ապրում-մաքառում է.
l թշնամական շրջափակման պայմաններում,
l միջպատերազմական (պատերազմը դեռ չի ավարտվել) պայմաններում,
l վերջապես, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որի վերահաս վտանգը կախված է մեր գլխին:
ՎԵՐՋԱԲԱՆ
(կամ ո՞ւմ է ծառայում համայնքների խոշորացման ծրագիրը)
Ամփոփենք: Նկարագրված արտակարգ իրավիճակի պայմաններում մարտնչող երկրում գյուղերի և գյուղապետարանների առաջարկվող խոշորացման ծրագիրը պետք է դիտվի առնվազն որպես վարչական արկածախնդրություն: Հետևաբար, այդ ծրագիրն այսօր պետք է կասեցվի և հանվի շրջանառությունից, չժխտելով, որ երբևէ պետք է սկսել նաև այդ գործընթացը: Միայն մի քանի լուրջ վերապահումներով: Մինչև համայնքների խոշորացման գործընթաց սկսելը Հայաստանը, անկասկած, պետք է լուծի առնվազն երեք հիմնախնդիր.
ա) Արցախի և ազատագրված շրջանների միջազգային կարգավիճակի ամրագրում:
բ) Լեռնային բնակավայրերի լիարժեք բնակեցում և համաչափ զարգացում:
գ) Ազգային մրցակցային տնտեսության կայացում:
Դա այն ժամանակն է, երբ հարաբերությունները մեր ոխերիմ հարևանների հետ կլինեն նույնքան քաղաքակիրթ, որքան ֆրանկո-գերմանական հարաբերություններն այսօր: Հասկանալի է, որ այս խնդիրները ոչ թե մի քանի տարվա, այլ մի քանի սերնդի նպատակային գործողությունների կարիք ունեն:


Նորայր ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ